Հայտնի է, թե որքան գումար կծախսվի Ազգային ժողովի ընտրությունների համար
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից կծախսվի մոտ 4,5 միլիարդ դրամ։ ԿԸՀ-ի նախահաշվով՝ ընդհանուր 4 451 688 000 դրամի մեծությամբ ծախսերից 1 800 296 000 դրամը կուղղվի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերին։
Արտահերթ նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է նաև կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ հերթական ընտրությունների դեպքում կուսակցությունը կամ դաշինքը պարտավոր է ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուներին հաստատել համագումարի ընդունած որոշմամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ-ում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։

