Հայաստանը և Լեհաստանը ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր

Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշ։

Արարողությունը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Թեև հայկական կողմը շատ մանրամասներ չի հայտնում այս թեմայի մասին, այնուամենայնիվ լեհական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ամաձայնագրի շնորհիվ երկու երկրները ավելի սերտորեն կհամագործակցեն գիտական ​​հետազոտությունների ոլորտում, կփոխանակեն տեղեկատվություն իրենց կողմից օգտագործվող զենքերի վերաբերյալ և կզարգացնեն համագործակցությունը պաշտպանական ընկերությունների միջև։ 

Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել հայտարարություններով։ Տուսկը շեշտել է, որ Եվրոպական միության ճանապարհը բաց է ՀՀ քաղաքացիների համար։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծել է, որ երկրի առաջնային նպատակն է համապատասխանել եվրոպական ստանդարտներին և իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։

Փաշինյանն իր հերթին հրավիրել է Տուսկին մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կայանալու է մայիսին Երևանում։

Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է 1999 թվականից և ակտիվորեն մասնակցում է դաշինքի հավաքական պաշտպանության ու ռազմատեխնիկական համագործակցության նախաձեռնություններին, մինչդեռ Հայաստանը ընդգրկված է ՀԱՊԿ-ում։ Նշենք, որ 2024 թվականի փետրվարին Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։