Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է․ ի՞նչ է հայտնի
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում։
Նրա խոսքով՝ նախագիծը նախատեսվում է քննարկել իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն կուսակցության վարչության նիստում, ինչպես նաև նույնանուն խորհրդարանական խմբակցությունում։ Դրանից հետո միայն որոշում կկայացվի տեքստը հրապարակելու վերաբերյալ։
Գալյանը նշել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանքը և նիստեր է հրավիրում գրեթե ամեն շաբաթ։ Նրա խոսքով՝ Սահմանադրության նախագծի տեքստը մշակվել է նախկինում ձևավորված հայեցակարգային դրույթների հիման վրա։
Նախարարի խոսքով՝ նոր Սահմանադրության մոտեցումն այն է, որ դրա կենտրոնում լինի մարդը, քաղաքացին և ժողովուրդը։ Միաժամանակ նախատեսվում է պահպանել կառավարման գործող՝ խորհրդարանական համակարգը։
Նախագծով առաջարկվում են նաև փոփոխություններ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունն ուժեղացնելու նպատակով։ Մասնավորապես նախատեսվում է Ազգային ժողովին տրամադրել վարչապետի գործունեության նկատմամբ լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ։
Փոփոխություններ են նախատեսվում նաև դատական համակարգում։ Նախագծով քննարկվում է երդվյալ ատենակալների ինստիտուտի կիրառման հնարավորությունը, գործերի երկաստիճան բողոքարկման սկզբունքը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորություն։
Ավելի վաղ Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը նախատեսվում է հրապարակել 2026 թվականի մարտին։
Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։

