«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Ելույթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ անվտանգությունը մնում է Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր խնդիրներից մեկը, որի ապահովման համար անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Քոչարյանը վստահեցրեց, որ կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն հստակ երաշխիքներով։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքը մասնակցելու է նորացված և ընդլայնված կազմով։ Սաղաթելյանը նշել է, որ «Հայաստան» դաշինքին միացել է նաև «Առաջ» կուսակցությունը։

Նրա խոսքով՝ ընտրություններին դաշինքը մասնակցելու է «Միասին կարող ենք» կարգախոսով։ Սաղաթելյանը նաև դիմել է ընդդիմադիր ուժերին՝ ընդգծելով, որ իրենց թիրախը ոչ թե ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն են, այլ գործող իշխանությունը։

Սաղաթելյանի խոսքով՝ դաշինքը հանրությանը առաջարկում է այլընտրանք, որը հիմնված է երեք սկզբունքի վրա՝ անվտանգ և մրցունակ պետություն, ինքնության հիման վրա ազգային պետություն և համահայկականություն։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ 2026 թվականի հունիսի 7-ին։

Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են նաև մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ, այդ թվում՝ Արման Թաթոյանը իր «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, Հայ ազգային կոնգրեսը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, ինչպես նաև Հանրապետություն կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը՝ իր «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը

Բացի այդ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարել են, որ ընտրություններին կմասնակցեն միասին։