ԵՄ-ն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ ընտրություններից առաջ
Եվրամիությունը նախատեսում է արագ արձագանքման խումբ ուղարկել Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը՝ նշելով, որ որոշումը կայացվել է հայկական կողմի դիմումի հիման վրա։
Կալլասի խոսքով՝ խումբը կտեղակայվի ընտրություններից առաջ և կօգնի դիմակայել հնարավոր հիբրիդային սպառնալիքներին։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ի համար առաջնահերթ է հարևան երկրներում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդումը։
Ավելի վաղ Կալլասը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու նպատակով։ Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Նախատեսվում է, որ այդ միջոցները կուղղվեն արտաքին տեղեկատվական ազդեցություններին հակազդելուն և կիբեռանվտանգության ուժեղացմանը։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Մինչ այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։ Նրա խոսքով՝ այդ հարցում ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը։
Լավրովը նաև արձագանքել է ԵՄ-ի աջակցությանը՝ այն գնահատելով որպես Արևմուտքի միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

