
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի տեսնում սահմանային էսկալացիայի ռիսկեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կիսում ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոյի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարվածության վերաբերյալ։ Մայիսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում և նման միտումներ քաղաքական մակարդակով չի նկատում։
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» կոչելու հայտարարությունը հիմք չէ լարվածության կանխատեսման համար, ԱԺ նախագահը հակադարձեց՝ նշելով, որ իրենք էլ որոշ դեպքերում հայտարարություններ են անում, որոնք կարելի է նման կերպ մեկնաբանել։
Մենք էլ ենք տարածքային պահանջ դնում, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ԱԺ նախագահ են ընտրում, հայտարարություններ անում։ Մենք դա չենք նկատում, բայց դրա պատասխան քայլերը նկատում ենք Ադրբեջանի կողմից, – ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է առաջնորդվի ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ դիրքավորումով, այլ բացառապես՝ հայամետ օրակարգով։ Նրա խոսքով՝ երկիրը չպետք է կախված լինի միայն մեկ ուղղությունից։
Չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ։ Ռուսաստանն ունի իր բացթողումները, ՀԱՊԿ-ը չի արձագանքել մեզ մտահոգող հարցերին։ Բայց դա չի նշանակում, թե Եվրոպան կամ ԱՄՆ-ն կարող են իրենց դրածոներին իշխանության բերել այստեղ, – նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը կարևորեց հավասարակշռված արտաքին քաղաքականության պահպանումը, որպեսզի Հայաստանը կարողանա ինքնուրույն պաշտպանել իր շահերը բազմաբևեռ աշխարհում։
Խոսելով զինծառայության մասին՝ Սիմոնյանը նշեց, որ նպատակն է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կծառայեն իր առաքելությանը նվիրված մասնագետներ։
Հիշեցնենք, որ այդ նպատակով ներկայացված օրենսդրական նախագիծը պետք է քննարկվեր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում մայիսի 26-ին, սակայն նիստը հետաձգվել է։
Լրագրողների հարցին, թե արդյոք հանրային քննադատությունը կարող էր ազդեցություն ունենալ նման որոշման վրա, Սիմոնյանը պատասխանեց, որ հանրային արձագանքը միշտ կարևոր է։
Նա հավելեց՝ նախագիծը դեռևս պահանջում է որոշ փոփոխություններ, սակայն այն անհրաժեշտ է երկրի անվտանգության համար։
Մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Մարդիկ, ովքեր ընտրում են ծառայությունը որպես մասնագիտություն, կստանան արժանապատիվ աշխատավարձ, – եզրափակեց ԱԺ նախագահը։