Կարգալույծ քահանան պատարագ է մատուցել Մայր Աթոռի արգելքին հակառակ. ներկա է եղել վարչապետը
Մայր Աթոռի կողմից կարգալույծ ճանաչված քահանա Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ Ասատրյան) այսօր Հովհաննավանքում մատուցել է պատարագ՝ չնայած նախօրեին տարածված արգելքին, որով նրան արգելվում էր կատարել ցանկացած եկեղեցական ծես։ Պատարագին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք պատգամավորների և այլ աջակիցների ուղեկցությամբ։ Ներկաների թվում են եղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Արծրուն Հովհաննիսյանը, պատգամավոր Էմմա Պալյանը, ինչպես նաև Տավուշի և Արագածոտնի մարզպետները՝ Դիլիջանի համայնքապետի հետ միասին։ Վարչապետի մուտքը դեպի եկեղեցու ներսի տարածք ողջունվել է ծափահարություններով։
Պատարագի ընթացքում Ստեփան Ասատրյանը հանդես է եկել ելույթով, որում շնորհակալություն է հայտնել վարչապետին։ Նա մասնավորապես նշել է. «Ահա այս օրերին մեր իրականության մեջ տեսնում ենք, որ դարձյալ ծնվում են էնպիսի մարդիկ, ովքեր փորձում են Աստծո խոսքը տարածել, բայց այսօր ևս աշխարհում կան փարիսեցիներ, սադուկեցիներ, և այս փարիսեցիները դարձայալ փորձ են անում գլխատելու սրբությունը, բայց ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր վարչապետին, որ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը»։
Իրադարձության ընթացքում բռնի ուժով եկեղեցուց դուրս է բերվել ակտիվիստ Հայկ Դորունցը, ով բացականչել էր, որ Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու։ Բացի այդ՝ եկեղեցուն մոտենալու հնարավորություն չի տրվել փաստաբան Արա Զոհրաբյանին և Արագածոտնի թեմի հոգևորականներին։ Փաստաբան Զոհրաբյանը հայտնել է, որ ՔԿ հրավիրված բոլոր քահանաների տների մոտ առավոտյան նկատվել է խիստ վերահսկողություն, իսկ երկու քահանա նույնիսկ կարճ ժամանակով կալանավորվել են և ազատ արձակվել միայն այն պարզաբանումից հետո, որ նրանք չեն պատրաստվում մեկնել Հովհաննավանք։ Մայր Աթոռը նախապես պահանջել էր իրավապահ մարմիններից ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը։ Այսպիսով, չնայած հայտարարված արգելքին և ուղեկցող միջադեպերին, կարգալույծ քահանան իրականացրել է ծեսը։
