ԿրոնՀայաստան

Գյումրու Յոթ Վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ լուռ են մնացել

Գյումրու Սուրբ Յոթ Վերք առաջնորդանիստ եկեղեցու զանգերը այսօր առավոտյան չեն ղողանջել․ սա 200 տարվա ընթացքում առաջին դեպքն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնում է Շիրակի թեմի հոգևորական Արտաշես սարկավագ Աջապահյանը՝ նշելով, որ անգամ խորհրդային բռնաճնշումների տարիներին եկեղեցու զանգերը չեն լռել։

Երեկ ուշ երեկոյան ԱԱԾ պետի հսկողությամբ տեղի քահանաները կապարակնքել են Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնել դատարկված շենքը։ Պատարագն էլ այլ տեղից բերված հոգևորական է անցկացրել։ Տեսանյութերում երևում է, որ նա Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանն է։

Նրա խոսքով՝ ծիսական կյանքը խաթարված է, ուստի զանգերը չեն հնչել, քանի որ առավոտյան ժամերգություն չի կատարվել։

Վաղ առավոտից Գյումրի են բերվել մեծ թվով ուժայիններ։ Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի երեք տեղակալները՝ Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը, Արթուր Խուդինյանը, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շիրակի թեմի 29 քահանաներ հայտարարությամբ վերահաստատել էին, որ չեն մասնակցելու մի պատարագի, որտեղ չեզոքացվելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։ Նրանք ընդգծել էին, որ եթե առաջնորդանիստ եկեղեցում իրենցից բացի որևէ մեկն իրականացնի պատարագ, դա կնշանակի Յոթ Վերքի «բռնազավթում»։

Շիրակի թեմի հոգևորականները, սարկավագներն ու երգչախումբը պատարագը իրականացրել են Յոթ վերքից ոչ հեռու գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

Պատարագի ավարտից հետո Շիրակի թեմի հոգևորականները մտադիր են վերադառնալ Յոթ Վերք և, անհրաժեշտության դեպքում, կատարել նաև մաքրագործման ծես։