Փաշինյանն ու մի խումբ եպիսկոպոսներ ներկայացրել են եկեղեցու «բարենորոգման» ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ ընդունել են համատեղ հայտարարություն, որի համաձայն՝ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է «բարենորոգման օրակարգի հանրահռչակում»։
Դրանից հետո ծրագրով նախատեսվում է կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապա՝ եկեղեցու նոր կանոնադրության ընդունում։
Ըստ հայտարարության՝ պետք է սահմանվեն «արմատավորված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր», ինչպես նաև՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
Ձևավորվելու է նաև համակարգող խորհուրդ, որը զբաղվելու է ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերով։
Հայտարարությունն ընդունվել է վարչապետի կեցավայրում։ Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ճրագալույցի պատարագը, ինչպես նաև հունվարի 6-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սպասվող Սուրբծննդյան պատարագը, ըստ վարչապետի, ծրագրի իրականացման ճանապարհին կարևոր իրադարձություններ կլինեն։
Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
