Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Ավստրիայում
Գարեգին Բ-ի հրավերով՝ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։
Այս մասին հայտնել է Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրա խոսքով՝ Առաքելական Եկեղեցու ժողովական ցանկացած մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, կարող է իր նիստերը գումարել ցանկացած վայրում, իսկ նման դեպքեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Աթոռը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-12-ին նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվել է։
Հայտարարության մեջ նշվում էր, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները։
