ԿրոնՀայաստան

Փաշինյանին միացած եպիսկոպոսները չեն մասնակցի արտերկրում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող մի խումբ եպիսկոպոսներ հայտարարել են, որ չեն մասնակցելու արտերկրում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին։ Նրանք միաժամանակ կոչ են արել չեղարկել ժողովը՝ այն որակելով «երկպառակություն սերմանող որոշում» և «արկածախնդրություն»։

Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» համակարգող խորհուրդը նույնպես հայտարարություն է տարածել՝ խնդրելով մյուս եպիսկոպոսներին միանալ իրենց դիրքորոշմանը և չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժողովը նախատեսվում է անցկացնել փետրվարի 16-19-ը Աստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։

Եպիսկոպոսները պնդում են, որ այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդը անվավեր է, քանի որ այն ընտրվել է 2017 թվականին ու գործունեության ժամկետը ավարտվել է 2021-ին։ Ավելին՝ նրանց խոսքով, անդամների հետագա փոփոխությունները կատարվել են կաթողիկոսի կամայականությամբ, ուստի խորհրդի որոշումները կանոնական չեն։

Նրանք նշում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է, և այնտեղ Եպիսկոպոսաց ժողովը չգումարելու որևէ հիմնավորում չի ներկայացվել։ Ըստ նրանց՝ ժողովի տեղափոխումը օտար երկիր վարկաբեկում է Մայր աթոռը և հայոց պետականությունը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 4-ին Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ հայտարարել էին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին և ստեղծել համակարգող խորհուրդ՝ կառավարման և բարեփոխման հարցերով զբաղվելու համար։