ԿրոնՀայաստան

Գարեգին Երկրորդը Բանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մասնակցելու աղոթքին և հոգեհանգստյան կարգին :

Լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցու և Հայաստանի իշխանությունների միջև վերջին ամիսների սրված հարաբերություններին, Վեհափառը և ուղեկցող հոգևորականները հրաժարվեցին պատասխանել։ Գարեգին Երկրորդը լրագրողներին խնդրեց «չխաթարել օրվա խորհուրդը» և հորդորեց թույլ տալ ապրել այս օրը խաղաղ ու նվիրական՝ «հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար աղոթելով»։

Կաթողիկոսը մյուս հոգևորականների հետ աղոթեց և հեռացավ պանթեոնից։ Դրանից առաջ նա ուղերձ էր հղել՝ նվիրված Հայոց բանակի 34-ամյակին։

Կաթողիկոսի ուղերձում մասնավորապես նշվում է, որ Հայոց բանակը «նորանկախ մեր պետականության հիմնասյուներից է», և որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ նահատակված զինվորների հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են զորականներին։ Նա մաղթել է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել երկրի սահմանները՝ «արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով»։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին՝ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օրը, նույնպես Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ Էջմիածնի Մայր Տաճարում: