Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ստացվել է պաշտոնական փորձաքննության եզրակացությունը
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիության խախտման դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում կատարված փորձաքննությունների եզրակացությունները արդեն ստացվել են։ Դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննությամբ հաստատվել է, որ տարածված տեսանյութերում պատկերված է հենց նա։
Կոմիտեի փոխանցմամբ՝ գործի առնչությամբ շրջանառվող երեք այլ փորձագիտական եզրակացությունները չեն կարող համարվել ապացույց, քանի որ դրանք ստացվել են քրեական վարույթից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով։
Քննչական մարմինը շեշտում է, որ փորձագետի եզրակացությունը իրավական ուժ ունի միայն այն դեպքում, երբ այն կատարվել է քրեական վարույթի շրջանակում, հիմնված է գործի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և պահպանվել են բոլոր դատավարական պահանջները։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր ինտիմ բնույթի տեսանյութ, որը վերագրվում էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

