Ի՞նչ է հայտնի Ավստրիայում կայացող Եպիսկոպոսաց հավաքից
Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության 23 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ՝ ներառյալ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները։
Առավոտյան ժողովականները մասնակցել են Արևագալի ժամերգությանը։ Հոգևոր խորհրդածությունից և աղոթական առանձնացումից հետո, հետմիջօրեին մեկնարկել է հավաքի աշխատանքային նիստը։
Եպիսկոպոսաց հավաքը բացվել է Տերունական աղոթքով, որին հաջորդել է միասնության մասին հատվածի ընթերցում Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից։ Այնուհետև ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամը առցանց հղել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Մասնակիցներին իրենց ուղերձներն են հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը, որը վարելու է Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։
Նույն օրը Սանկտ Փյոլթընի Մայր տաճարում եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն։ Ժամերգության առիթով ներկաներին ողջույնի խոսք է հղել Կաթոլիկ եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ, գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։

