Սահակ Բ Մաշալյանը սինոդական կառույց ստեղծելու առաջարկ է ներկայացրել
Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը Ավստրիայում գումարված Եպիսկոպոսաց ժողովում առաջարկել է ձևավորել սինոդական կառույց՝ Գարեգին Բ-ի դիրքերն ամրապնդելու և Մայր Աթոռի կառավարմանն աջակցելու նպատակով։
Պատրիարքի խոսքով՝ Մայր Աթոռից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելը արդեն իսկ վկայում է առկա խնդրի մասին։ Նա նշել է, որ սփյուռքում առավել տեսանելի է հակակաթողիկոսական քաղաքական արշավը, ինչի պայմաններում անհրաժեշտ է ապահովել եկեղեցական կարգապահությունը և պահպանել սառնասրտություն։
Մաշալյանը ընդգծել է, որ կաթողիկոսի կարգավիճակը վերաճշտելու միակ համաեկեղեցական մարմինը Ազգային-եկեղեցական ժողովն է և անհրաժեշտ է հստակեցնել դրա գումարման ժամկետը։
Նա նաև առաջարկել է, որ Եպիսկոպոսաց ժողովը ընտրի տասներկու ավագ եպիսկոպոսների, որոնք այս շրջանում կաջակցեն վեհափառ հայրապետին Մայր Աթոռի կառավարման հարցում։ Պատրիարքի գնահատմամբ՝ հապճեպ որոշումները կարող են խորացնել առկա հակասությունները։
Վեհափառ հայրապետն այս շրջանում ունի հեղինակավոր ժողովականության կարիք, որն իրեն սառնասրտություն և խոհեմություն կներշնչի. դա սինոդականությունն է՝ իր կազմում ներգրավելով նաև որոշ ընդդիմադիր եղբայրների: Այս սինոդական դրույթը կարող է հիմք նախապատրաստել կառավարության հետ ելք որոնելու և գտնելու ուղղությամբ: Վեհափառ հայրապետի մտքում միշտ եղել է այսպիսի կառույց հիմնելը, անձամբ գիտեմ, բայց այս գաղափարը երբեք կյանքի չի կոչվել, — նշել է նա։
Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցել է հեռավար ձևաչափով։

