Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը
Այսօր՝ Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։
Տոնի կապակցությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, Ծաղկազարդը հռչակված է նաև մանուկների օրհնության օր։
Ըստ եկեղեցական ավանդության՝ Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդը դիմավորել է մեծ խանդավառությամբ՝ ճանապարհին փռելով իր հանդերձները և ընծայելով ձիթենու ու արմավենու ճյուղեր։ Հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերի խոստովանությունը, իսկ ճյուղերը՝ պատիվն ու հանդիսավորությունը։ Ձիթենին ընկալվել է որպես խաղաղության, իմաստության և հաղթանակի խորհրդանիշ։
Ծաղկազարդը նաև ունի խորհրդանշական այլ իմաստներ․ այն կապվում է արարչության առաջին օրվա հետ, երբ լույսը հաղթեց խավարին, ինչպես նաև այն ժամանակաշրջանի հետ, երբ երկիրը զարդարվեց բույսերով ու ծաղիկներով։
Տոնին նախորդող շաբաթ օրը եկեղեցիներում կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ կիրակի օրը Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով։
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանվում հավատացյալներին։ Ուռենու ոստերը խորհրդանշում են այն մարդկանց, ովքեր Քրիստոսին ընդունելով՝ դարձան պտղաբեր, իսկ դրանց փափկությունը՝ խոնարհություն և հնազանդություն։

