Գիտության բյուջեն 14.3-ից հասել է 42 մլրդ դրամի
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումը զգալիորեն աճել է։
Նրա խոսքով՝ 2025 թվականին գիտության բյուջեն, 2017 թվականի համեմատ, ավելացել է 2.8 անգամ կամ 180 տոկոսով։
Վարչապետը նշել է, որ եթե 2017 թվականին ոլորտի ֆինանսավորումը կազմել է 14.3 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին այն արդեն հասել է 42 միլիարդ դրամի։
Փաշինյանի խոսքով՝ միջոցներն ուղղվել են երկու հիմնական ուղղությամբ՝ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը՝ ատեստավորման համակարգի միջոցով, ինչպես նաև գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը։
Նա ներկայացրել է աշխատավարձերի աճի մի շարք ցուցանիշներ։ Մասնավորապես, լաբորանտի կամ ճարտարագետի աշխատավարձը 67 հազար դրամից դարձել է 138 հազար դրամ։ Ավագ լաբորանտի աշխատավարձը 76 հազար դրամից աճել է մինչև 179 հազար դրամ։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85 հազար դրամից դարձել է 210 հազար դրամ, իսկ գիտաշխատողինը՝ 90 հազար դրամից հասել է 276 հազար դրամի։
Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 99 հազար դրամից բարձրացել է մինչև 343 հազար դրամ, առաջատար գիտաշխատողինը՝ 114 հազարից մինչև 443 հազար դրամ։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138 հազար դրամից դարձել է 552 հազար դրամ։ Աճ է արձանագրվել նաև գիտական խմբերի և ստորաբաժանումների ղեկավարների դեպքում․ համապատասխանաբար 129 հազար դրամից՝ 410 հազար, և 141 հազար դրամից՝ 477 հազար դրամ։
Վարչապետը նաև ընդգծել է, որ 2021-2025 թվականներին շուրջ 20 միլիարդ դրամ է հատկացվել գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը, որոնք տրամադրվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի։
Նրա խոսքով՝ այս ձեռքբերումների կարևորագույն բաղադրիչներից է Երևանի պետական համալսարանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված արհեստական բանականության կենտրոնը՝ սուպերհամակարգիչը, որի ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 3.7 միլիարդ դրամ։

