ԳիտությունՀայաստան

Հոկտեմբերին երկնքում կերևա հազվագյուտ գիսաստղ

Հոկտեմբերին երկնքում սպասվում է եզակի տեսարան: C/2025 A6 Լեմոն գիսաստղը, որը հայտնաբերվել է այս տարվա սկզբին, մոտենում է Երկրին և հոկտեմբերի 21-ին կանցնի առավելագույն մոտեցմամբ՝ շուրջ 90 միլիոն կիլոմետր հեռավորությամբ։ Մասնագետների խոսքով՝ առաջիկա շաբաթներին այն աստիճանաբար կպայծառանա և հնարավոր է դառնա տեսանելի ոչ միայն աստղադիտակներով, այլև անզեն աչքով։

Այս պահին գիսաստղը գտնվում է Երկրից մոտ 200 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Հոկտեմբերին այն կհասնի հինգերորդ աստղային մեծության, ինչը թույլ կտա այն դիտել Հյուսիսային կիսագնդի շատ երկրներում։ Գիսաստղի պայծառության գագաթնակետը կանխատեսվում է հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի սկիզբ։ Իրկուտսկի պետական համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Յազևի խոսքով՝ այն հատկապես նկատելի կլինի միջին և բարձր լայնություններում, իսկ ներկայումս դեռևս չի երևում առանց օպտիկայի։

Լեմոն գիսաստղը հայտնաբերվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Mount Lemmon աստղադիտակի միջոցով։ Այն պատկանում է երկար պարբերություն ունեցող գիսաստղերին, որոնց ուղեծրերը ձգվում են հարյուրավոր կամ հազարավոր տարիներ։ Նրա միջուկը բաղկացած է սառույցից, փոշուց և գազերից, որոնք Արևին մոտենալիս տաքանում են և ձևավորում վառ պոչ, որը դառնում է տեսանելի Երկրից։

Աստղագետները վստահեցնում են, որ գիսաստղը որևէ վտանգ չի ներկայացնում մոլորակի համար։ 90 միլիոն կիլոմետրը համարվում է լիովին անվտանգ հեռավորություն։ 

Սեդա Մարտոյան