ԳիտությունՀայաստան

Երևանում կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» փառատոնը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երևանում և Հայաստանի մարզերում կկազմակերպվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» փառատոնը։ Այս տարվա կարգախոսն է «Զարգացնել գիտությամբ»։

Գլխավոր միջոցառումները կանցկացվեն Ազատության հրապարակում և կտևեն վեց օր։ Ծրագրում ընդգրկված են գիտական փորձեր, ցուցադրություններ, մասնագիտական կողմնորոշման օրեր, ինչպես նաև գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրությամբ նախաձեռնություններ։

Բացի մայրաքաղաքից, գիտական խաղեր ու փորձեր կկազմակերպվեն շուրջ 300 դպրոցներում և մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով երեխաների և պատանիների մոտ ձևավորել հետաքրքրություն գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ փառատոնին կմասնակցի ավելի քան 50 հազար մարդ։

Միջոցառումը նախաձեռնել է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։