
Անհետ կորած և գերեվարված արցախցիների հարազատները կրկին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ
Անհետ կորած և գերեվարված արցախցիների հարազատները կրկին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հստակություն և պետական մարմինների հետ շարունակական կապի ապահովում։ Ինչպես հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո խզվել է հարազատների ու պետական կառույցների միջև ստեղծված կապը։
Նրա խոսքով՝ նախկինում գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը ղեկավարում էր ԱԱԾ տնօրեն Աբազյանը, և ընտանիքները պարբերաբար հանդիպումներ էին ունենում նրա հետ, ստանում հավաստիացումներ, որ աշխատանքներ իրականացվում են։ Այժմ նրանք չգիտեն՝ պետական համակարգում ով է զբաղվում իրենց հարազատների ճակատագրով։
Ստեփանյանը նշեց, որ միայն մեկ հանդիպում է կազմակերպվել ԱԱԾ նոր ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի հետ, սակայն հարազատները համոզվել են, որ վերջինս գործընթացին խորությամբ ծանոթ չէ և քայլեր չի ձեռնարկում։ Այդ անորոշությունն էլ, ըստ նրա, ստիպել է նորից դուրս գալ բողոքի։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ խնդրի լուծման բանալին քաղաքական կամքի դրսևորումն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը գերիների և անհետ կորածների հարցը պահում է քաղաքական առևտրի դաշտում։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին անհետ կորած և գերեվարվածների հարազատները ևս բողոքի ակցիա էին արել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Արմեն Աբազյանի վերադարձը ԱԱԾ տնօրենի պաշտոն։ Այնուհետև նրանք փակել էին Բաղրամյան պողոտան։