ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 1 մլն դոլար ՀԷՑ-ի գործով Հայաստանի շահերի պաշտպանության համար

ՀՀ կառավարությունը որոշել է առաջին փուլով ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Liormand Holdings Limited և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործով պետության շահերի պատշաճ պաշտպանության նպատակով։ Վճիռը կայացվել է գործադիրի օգոստոսի 21-ի նիստում։

Գործը գտնվում է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում։ Հայցը ներկայացրել են գործարար Սամվել Կարապետյանը, նրա կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և «Liormand Holdings Limited»-ը։ Հակասության հիմքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականազրկման հարցն է։ Ընկերությունը 2015-ին ձեռք էր բերվել «Ինտեր ՌԱՕ»-ից։

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ արբիտրաժային գործը սկիզբ է առել 2024 թվականի հունիսի 30-ին։ Հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է ՀՀ-ին ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված քայլերից։ Օգոստոսի 4-ին այդ որոշումը վերահաստատվել է։ Օգոստոսի 12-ին ստացված ծանուցմամբ սահմանվել են սեղմ ընթացակարգային ժամկետներ, որից հետո կառավարությունը որոշել է իրավաբանական խորհրդատու ներգրավել։

Գնառաջարկների գնահատումից հետո ընտրվել է ամերիկյան «Arnold & Porter» ընկերությունը, որն ունի ներդրումային արբիտրաժային գործերով շուրջ 93% հաջողություն։ Ընկերության ծառայությունների ընդհանուր արժեքը գնահատվել է 3.25 մլն դոլար՝ առանց հարկերի և հարակից ծախսերի։ Կառավարությունը նշել է, որ այդպիսի փորձառությունը հատկապես կարևոր է էներգետիկ ոլորտի ներդրումային վեճերում։