
Հայաստանում գրանցված աշխատողների թիվը ավելացել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է շուրջ 800 հազար մարդ։ Սա 5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկայացված թվերից։
Ամենաշատ աշխատողները զբաղված են մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում (136 հազար մարդ)։ Երկրորդ տեղում կրթության ոլորտն է՝ 124 հազար աշխատող, որից շուրջ 112 հազար պետական կառույւցներում։ Մշակող արդյունաբերությունում աշխատում է մոտ 93 հազար մարդ։
Աճ է արձանագրվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ աշխատողների թիվը անցել է 32 հազարից։ Մի շարք աշխատողներ են ավելացել նաև առողջապահության և սոցիալական սպասարկման (55 հազար), շինարարության (42 հազար) և կացության ու հանրային սննդի կազմակերպման ոլորտներում (43 հազար)։
Ընդհանուր առմամբ, պետական հատվածում աշխատում է մոտ 220 հազար մարդ, իսկ ոչ պետականում՝ շուրջ 580 հազար։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում զբաղվածությունը շարունակում է աճել թե՛ ավանդական ոլորտներում, թե՛ նոր զարգացող ուղղություններում։