ՀայաստանՍոցիալական

Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել․ մեկ շաբաթում՝ ևս 2 սմ

Սևանա լճի ջրի մակարդակը նախորդ տարվա նույն օրերի համեմատ արդեն նվազել է 9 սանտիմետրով։ Սրա մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն օգոստոսի 18-24-ը լիճը իջել է ևս 2 սանտիմետրով և հասել 1900.54 մետրի։ Այս ընթացքում Արփա-Սևան ջրատարով լիճ է փոխանցվել ընդամենը շուրջ 0.6 միլիոն խորանարդ մետր ջուր։ Տարվա սկզբից մինչև օգոստոսի 24-ը Սևան տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 100 միլիոն խորանարդ մետրից մի փոքր ավելի։

Մյուս կողմից՝ լճից ջրի բացթողումները շարունակվում են․ հունիսի 6-ից մինչև օգոստոսի 24-ը Սևանից բաց է թողնվել ավելի քան 147 միլիոն խորանարդ մետր ջուր։ Դրանից միայն վերջին շաբաթում բաց է թողնվել շուրջ 15.6 միլիոն խորանարդ մետր։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին կառավարությունը որոշեց փոխել Սևանից ջրի բացթողման թույլատրելի ծավալը։ Նախնական 127.5 միլիոն խորանարդ մետրի փոխարեն այս տարի ոռոգման նպատակով լճից թույլատրվեց բաց թողնել մինչև 170 միլիոն խորանարդ մետր ջուր։ Սևանի մակարդակի շարունակական նվազումը մտահոգիչ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ այն արդեն իսկ տասնամյակներ շարունակ բախվում է էկոլոգիական լուրջ խնդիրների։