
Երաշտը վնասել է Հայաստանի ու Վրաստանի 97 տոկոսը
Օգոստոսի առաջին տասնօրյակում Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի զգալի մասը բախվել է երաշտի ծանր հետևանքների։ Ամենաշատը տուժել են Կովկասյան տարածաշրջանը և Հյուսիսային Բալկանները։
Արբանյակային դիտարկումների հիման վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածքի 7.8 տոկոսը գտնվում է ամենաբարձր՝ տագնապալի երաշտի մակարդակում, ևս 38.7 տոկոսը՝ նախազգուշացման, իսկ 4.9 տոկոսը՝ վերահսկման ռեժիմում։
Հայաստանի և Վրաստանի տարածքի շուրջ 97 տոկոսը արդեն տուժել է երաշտից։ Այս ցուցանիշով երկու երկրները առաջնային դիրք են զբաղեցնում, նրանց հաջորդում են Բուլղարիան և Կոսովոն։
Միակ դրական փոփոխությունները նկատվել են Կենտրոնական Եվրոպայում՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և Չեխիայում, որտեղ իրավիճակը որոշ չափով բարելավվել է։
Բացի ջրի պակասից, երաշտը նաև սրում է հրդեհների վտանգը։ Այսպես՝ միայն այս տարվա ընթացքում Եվրամիության տարածքում կրակն արդեն ոչնչացրել է ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառային տարածք, ինչը ռեկորդային թիվ է։