
Հայկական կազմակերպությունները ահազանգում են Երուսաղեմի պատրիարքարանի և «Xana Gardens»-ի նոր գաղտնի համաձայնագրի մասին
Երուսաղեմի հայ համայնքը հայտարարում է, որ պատրիարք Նուրհան Մանուկյանը նոր, կասկածելի գործարք է կնքել իսրայելական «Xana Gardens» ընկերության հետ՝ «Կովերի պարտեզի» տարածքի վերաբերյալ։
Ահազանգը հնչեցվել է 6 հայկական կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ, որը հրապարակվել է Save TheArQ շարժման «X» հարթակի էջում։ Նրանց տվյալներով՝ համաձայնագիրը կնքվել է գաղտնի՝ առանց համայնքի հավանության։
Ըստ հայտարարության՝ նոր փաստաթուղթը վտանգավոր է, քանի որ․
— պահանջում է հետ կանչել առաջին գործարքի դեմ ներկայացված հայցերը,
— փաստացի օրինականացնում է նախորդ, անօրինական ճանաչված պայմանագիրը,
— նախադեպ է ստեղծում հետագա զիջումների և խախտումների համար։
Պատրիարքարանը հերթական անգամ մերժեց իր ժողովրդին։ Գործարքը չի քննարկվել հրապարակայնորեն, խորհրդակցություններ չեն անցկացվել։ Մենք կոչ ենք անում չվավերացնել այն, հրապարակել բոլոր կետերը և համագործակցել համայնքի հետ, որի ապագան վտանգված է,– նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հակասությունները «Կովերի պարտեզի» շուրջ սկսվել են դեռևս 2021 թվականի հուլիսին, երբ Նուրհան Մանուկյանն ու երկու միաբաններ ստորագրեցին պայմանագիր՝ տարածքը 99 տարով վարձակալության տալու նպատակով։ Ըստ փաստաթղթի՝ տարածքում նախատեսվում էր կառուցել լյուքս հյուրանոց, որի ընթացքում կքանդվեն համայնքին պատկանող մի շարք պատմական շենքեր։