ՀայաստանՍոցիալական

«Նաիրիտ» գործարանի թափոնների վնասազերծման համար Հայաստանը ստանում է $1,5 մլն դրամաշնորհ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված համաձայնագրին, որով «Նաիրիտ» քիմիական գործարանի սարքավորումների և թունավոր թափոնների վնասազերծման նախապատրաստական աշխատանքների համար Հայաստանին կհատկացվի 1,5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ–համաձայնագիրը ՀՀ կառավարության և բանկի միջև ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27–ին: Համաձայնագրի նպատակն է նպաստել լուծել գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը:

Դրամաշնորհի շրջանակում կիրականացվի գործարանում առկա քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության ուսումնասիրություն, ինչպես նաև վնասազերծման հնարավոր տարբերակների մշակման ու իրականացման ռազմավարության կազմում։ Նախատեսվում է գնահատել նաև բնապահպանական և սոցիալական ռիսկերը, ստեղծել ծրագրի իրականացման հատուկ խումբ։

Կառավարության տեղեկացմամբ՝ միջոցների առհանման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը, որը Խորհրդային Հայաստանի խոշորագույն քիմիական արտադրություններից էր, վերջնականապես դադարեց գործել 2010 թվականին։ Այն հետագայում սնանկ ճանաչվեց և վերադարձվեց պետությանը, սակայն չի վերագործարկվել։