
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցչի սկանդալային գործով երկու անչափահաս ճանաչվել են տուժող
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ուսուցչի սկանդալային գործը նոր փուլ է մտել։ Քննչական կոմիտեն հաստատում է՝ այս գործով արդեն երկու անչափահաս պաշտոնապես ճանաչվել են տուժող։
ՔԿ-ից հայտնում են, որ դպրոցական աշխատակցի կողմից անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների գործով քննությունը ավարտվել է և 2025 թվականի մարտի 21-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք՝ դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացրել դպրոցում։ Դեպքից հետո ուսուցիչներից մեկին բերման էին ենթարկել և քննչական կոմիտե տեղափոխել։ Նրա դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք վերաբերում են անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններին։
Այս պահին ուսուցիչը կալանավորված է։ Գործով դատարանի առաջին նիստի ամսաթիվը դեռ չի հրապարակվել։