
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատողները չեն վերադառնա աշխատանքի
2025 թվականի փետրվարին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բնականոն աշխատանքը խաթարած մի շարք նախկին աշխատողների գործերով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռներ է կայացրել։ Դատարանը արձանագրել է, որ նրանց գործողությունները եղել են անօրինական և խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությանը՝ պատճառելով զգալի վնաս։
Դատաքննության ընթացքում տարբեր դատավորներ եկել են այն եզրակացության, որ այս աշխատողների նկատմամբ վստահության կորուստը հիմնավոր է եղել։ Ընկերությունը նրանց ազատել է աշխատանքից՝ հետապնդելով օրինական նպատակ՝ պաշտպանել ինչպես սեփական շահերը, այնպես էլ մյուս աշխատողների իրավունքները։
Թեև դատարանը որոշ ազատման հրամաններ անվավեր է ճանաչել՝ գործընթացի ընթացքում թույլ տրված ձևական խախտումների պատճառով, այնուամենայնիվ բովանդակային առումով հաստատել է, որ ընկերության քայլերը հիմնավորված էին։ Դատարանը նշել է, որ նախկին աշխատողները չեն կարող վերականգնվել աշխատանքի։
ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ չի վիճարկի դատարանի որոշումները և դրանք արդեն ամբողջությամբ կատարել է։