ԱշխարհՍոցիալական

Մոսկվայում գործարկվել է օտարերկրյա քաղաքացիների թվային հաշվառման փորձնական ծրագիրը

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում և Մոսկվայի մարզում մեկնարկել է օտարերկրյա քաղաքացիների գտնվելու վայրի փորձնական թվային հաշվառումը «Ամինա» բջջային հավելվածի միջոցով։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնը (ԲՄՄԿ):

Փորձնական ծրագրին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները, որոնք ժամանում են Մոսկվա կամ Մոսկվայի մարզ աշխատելու համար: Նրանք պարտադիր պետք է ներբեռնեն հավելվածը՝ հաշվառվելու և հեռավար կերպով իրենց բնակության վայրի մասին տեղեկություններ հաղորդելու համար:

«Ամինա»-ն թույլ է տալիս ներբեռնելուց հետո գրանցվել ԲՄՄԿ հասցեում և առանց անձնական այցելության տեղեկացնել Ներքին գործերի նախարարությանը բնակության վայրի կամ դրա փոփոխության մասին: Հավելվածը հավաքում է նաև գեոլոկացիոն տվյալներ, և եթե դրանք չհաղորդվեն մի քանի օրվա ընթացքում, օգտատերը ստանում է ծանուցում՝ հասցեն հաստատելու կամ փոխելու համար:

Եթե տվյալները չհաղորդվեն երեք աշխատանքային օրում, քաղաքացին կարող է հանվել ԲՄՄԿ-ում հաշվառումից, իսկ խախտումը կարող է մտցվել Վերահսկվող անձանց գրանցամատյան: Նշվում է, որ հաշվառման տարածքից դուրս գտնվելը կամ երկրից մեկնելը նույնպես կհանգեցնի հաշվառումից հանվելու:

ԲՄՄԿ-ն ընդգծում է, որ նախաձեռնությունը նպատակ ունի հեշտացնել միգրացիոն գործընթացը և բարեխիղճ քաղաքացիներին ապահովել հաշվառման հարմար և արդյունավետ եղանակ: