ՀայաստանՍոցիալական

Սյունիքի մարզում կկառուցվի նոր կշռման հենակետ

Սյունիքի մարզում՝ Մ-2 միջպետական նշանակության ճանապարհին, շուտով կմեկնարկի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով մեքենաների կշռման նոր անշարժ հենակետի շինարարությունը։ Այն նախատեսվում է գործարկել 2026 թվականին։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ հենակետը կսպասարկի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով և կծառայի ճանապարհների պահպանությանը․ գերբեռնված մեքենաները լուրջ վնաս են հասցնում ասֆալտին։ Նման կետերում նաև վերահսկվում են չափսային նորմերի պահպանությունը և կիրառվում են տուգանքներ խախտումների դեպքում։

Այս պահին Սյունիքում գործում է մեկ անշարժ կշռման հենակետ՝ Սիսիանում, որտեղ պարբերաբար ստուգվում են ծանրաքաշ մեքենաները։ Միայն օգոստոսին այստեղ կշռվել է մոտ 200 մեքենա, արձանագրվել են մի շարք խախտումներ։

Նոր հենակետի գործարկումը թույլ կտա խստացնել վերահսկողությունը և նվազեցնել ճանապարհների գերբեռնվածությունը մարզում։

Մ2 միջպետական ճանապարհը ունի 384.3 կմ երկարություն։ Այն Հայաստանի մայրաքաղաք Երևանը միացնում է Երասխ, Գորիս, Մեղրի բնակավայրերին՝ շարունակվելով դեպի Հայաստան-Իրան պետական սահման։