ՀայաստանՍոցիալական

Հայոց ցեղասպանության հերքումը կդառնա քրեական արարք՝ մինչև 15 տարի ազատազրկմամբ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգրքում, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության և այլ միջազգային ճանաչում ստացած ցեղասպանությունների հերքմանը, մեղմացմանը կամ արդարացմանը։

Նախագծի համաձայն՝ եթե անձը հերքում է կամ արդարացնում ցեղասպանությունը՝ առանց ուղղակի բռնություն կամ ատելություն հրահրելու, նախատեսվում է տուգանք, հանրային աշխատանք կամ մինչև 4 տարի ազատազրկում։ Եթե արարքը ուղղված է ռասայական, ազգային կամ կրոնական ատելություն կամ խտրականություն առաջացնելու, այն կպատժվի 4–8 տարի ազատազրկմամբ։
Խիստ պատիժ կկիրառվի, եթե ցեղասպանության հերքումը իրականացվի զանգվածային լրատվության միջոցներով, տեղեկատվական տեխնոլոգիաներով կամ պաշտոնեական լիազորությունները օգտագործելով. այս դեպքում անձը կարող է դատապարտվել 10–15 տարվա ազատազրկման և մինչև 5 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու։

Մինասյանը նշեց, որ գործող օրենսդրությունը սահմանափակ էր, քանի որ թույլ էր տալիս, որ ոմանք անուղղակի կերպով նսեմացնեն ցեղասպանության փաստը կամ զոհին մեղավոր ներկայացնեն հանցագործի փոխարեն՝ առանց պատասխանատվության ենթարկվելու։ Նա ընդգծեց, որ նոր փոփոխությունները բխում են ազգային ինքնության և պետականության պաշտպանության շահերից, քանի որ Հայաստանի անկախության հռչակագրով ամրագրված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու հանձնառությունը։

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը նման օրենքի նախագիծ էլի էր ներկայացրել Ազգային ժողով, որը արժանացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քննադատությանը։ Նրանք նշել էին, որ նման փոփոխությունը ներկայումս նպատակահարմար չէ։

Սեդա Մարտոյան