
Հայաստանում ավտոմեքենայի առուվաճառքը հնարավոր կլինի օնլայն ու մեկ օրվա ընթացքում
Հայաստանում ավտոմեքենայի առուվաճառքը հնարավոր է ամբողջությամբ իրականացնել թվային հարթակում: Այս նոր հնարավորությունը ներկայացրեց Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում:
Նախարարի խոսքով՝ արդեն ուժի մեջ է մտել տրանսպորտային միջոցների առուվաճառքի թվային համակարգը։ Սա նշանակում է, որ քաղաքացիները կարող են ավտոմեքենա վաճառել կամ գնել առանց ֆիզիկապես հաշվառման ստորաբաժանում այցելելու: Արփինե Սարգսյանը ուրախությամբ փաստեց, որ արդեն առաջին գործարքը հաջողությամբ իրականացվել է մեկ օրվա ընթացքում, մինչդեռ նախկինում գործընթացը տևում էր 1-3 օր։
Նոր համակարգը նաև ֆինանսապես օգուտ է բերում. եթե նախկինում քաղաքացիները պետք է վճարեին առուվաճառքի համար 5,000 դրամ, տեխանձնագրի համար՝ 6,000 դրամ, և լրացուցիչ վճարներ համարանիշի և մետաղի համար, ապա թվային հարթակում նույն պետհամարանիշը պահպանելու դեպքում նրանք ազատվում են այս բոլոր պետական տուրքերից՝ մինչև 36,000 դրամ:
Այս քայլը նպատակ ունի պարզեցնել գործընթացը, կրճատել հերթերը և խնայել քաղաքացիների ժամանակը և գումարը: