
Սևանա լիճը կրկին ծաղկում է
Սևանա լճում վերջին օրերին նկատվող ջրիմուռների ծաղկման ինտենսիվացումը հաստատվել է նաև արբանյակային վերլուծություններով։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Sentinel-2 արբանյակից ստացված տվյալների հիման վրա գնահատել են լճի մակերևույթում տեղի ունեցած փոփոխությունները։ Համեմատվել են 2025 թվականիի օգոստոսի 23-ի և 30-ի լուսանկարները։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ջրիմուռների ծածկույթը զգալիորեն աճել է հատկապես լճի հարավային և կենտրոնական հատվածներում։
Ջրիմուռների ծաղկումն առաջանում է, երբ ջրում ավելանում են սննդարար նյութերը՝ ազոտը և ֆոսֆորը։ Դրանք լիճ են հասնում գետերի միջոցով, որոնք իրեն հետ բերում են գյուղատնտեսական և կենցաղային աղբ։ Բարձր ջերմաստիճանը նպաստում է լիճ մտած նյութերի քայքայման գործընթացին՝ ստեղծելով ջրիմուռների արագ բազմացման պայմաններ։
Սևանում զանգվածային ծաղկումները սկսել են դեռևս 2018 թվականին, երբ առաջին անգամ նկատվեց լայնածավալ կապտա-կանաչ գույնի շերտ ամբողջ լճի մակերևույթին։ Հաջորդ տարիներին խնդիրը պարբերաբար կրկնվել է՝ հատկապես ամռան ամիսներին։
Ջրմուռների ծաղկումը կարող է մի շարք վնասներ հասցնել ինչպես լճի էկոհամակարգին, այնպես էլ մարդկանց առողջությանը։ Ջրիմուռները նվազեցնում են ջրի մեջ թթվածնի պարունակությունը, ինչի հետևանքով ջրի կենդանական աշխարհը կարող է ոչնչանալ։ Բացի այդ, դրանք արտադրում են վտանգավոր տոքսիններ, որոնք խմելու համար անորակ են դարձնում լճի ջուրը։
Մասնագետները բազմիցս արձանագրել են, որ այս խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է գործարկել մաքրման կայաններ, թույլ չտալ գետերի աղտոտումը և այլն:
Նմանատիպ իրավիճակներ գրանցվել են նաև այլ երկրներում։ Օրինակ՝ Չինաստանի Թայհու լճում 2007 թվականին զանգվածային ծաղկումը միլիոնավոր բնակիչների թողեց առանց խմելու ջրի։ ԱՄՆ Միչիգան նահանգի Էրի լճում ամեն ամառ կրկնվող ծաղկումները հանգեցնում են խմելու ջրի սահմանափակման։