ԱրցախՍոցիալական

ԼՂ-ից տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, 11 հազարը՝ լքել Հայաստանը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար մարդ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Սակայն նույն ժամանակահատվածում՝ 2023-ի սեպտեմբերից ի վեր, ավելի քան 11 հազար արցախահայ լքել է Հայաստանը՝ մշտական բնակություն հաստատելով արտերկրում։

Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով՝ քաղաքացիության տրամադրման գործընթացը փորձ է արվում արագացնել․ եթե մինչ այս պահանջվում էր շուրջ 4 ամիս, ապա արցախցիների համար ժամկետը կրճատվել է մինչև 2 ամիս։ Երևանում բացվել է քաղաքացիության դիմումների ընդունման երկրորդ կետ, մարզերում ևս գործարկվել են ստորաբաժանումներ։ Բացի այդ՝ Հայաստանի քաղաքացիություն ստացած անձինք հնարավորություն են ստանու օգտվել բնակարանային աջակցության ծրագրից։

Սակայն, ինչպես շեշտում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Հայաստանից հեռացածների թիվը հսկայական է։ Նրա խոսքով՝ արցախցիները հիմնականում ընտրել են Ռուսաստանը, որտեղ բնակարանների վարձերը մոտ 50 տոկոսով ավելի մատչելի են, իսկ աշխատանքային հնարավորությունները՝ ավելի լայն։ Մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ արցախցիները կամավորագրվում են «Արբատ» ջոկատում և մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին, քանի ո աշխատավարձը այնտեղ բարձր է։ Բացի այդ՝ պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքի անդմաներին արագ ընթացակարգերով նաև Ռուսաստանի քաղաքացիություն է տրվում։

Արցախցիների նախընտրած հաջորդ ուղղությունը Եվրոպան է, մասնավորապես՝ Հունգարիան, որտեղ ներկայումս շոււրջ 300 արցախցի է բնակություն հաստատել։ Այդ երկիրը սահմանել է աջակցության ծրագիր, որը արցախցիներին օրինական բնակություն հաստատելու հնարավորություն և բնակության առաջին տարում լայն հնարավորություններ է ընձեռում։

Այսպիսով, թեև Հայաստանի իշխանությունները փորձում են արագացնել քաղաքացիության տրամադրումը, իրականում հազարավոր արցախցիներ Հայաստանից հեռանում են։ Սա լուրջ հարց է առաջացնում՝ արդյո՞ք քաղաքացիությունը բավարար երաշխիք է մարդկանց Հայաստանում պահելու համար։