ՀայաստանՊատահար

Փարաքարում լուսացույցի փոխարեն գովազդ․ վտանգավոր խաչմերուկը մնում է անտեսված

Արմավիրի մարզի Փարաքար գյուղի նորաբաց Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի հարևանությամբ՝ Երևանյան փողոցում, արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ հետիոտնային անցումը կառավարող լուսացույցերից մեկը չի գործում։ Խաչմերուկի մի հատվածում այն տեղադրված է, դիմացի մայթում՝ ոչ։ Դրա փոխարեն այժմ տեղադրված է գովազդային վահանակ։

Այս իրավիճակը ստիպում է հետիոտներին կանգնել լուսացույցի տակ ու գլուխը բարձրացնել՝ հասկանալու համար՝ կարող են անցնել, թե ոչ։ Մինչդեռ խաչմերուկը ծառայում է ոչ միայն քոլեջի ուսանողներին, այլև մանկապարտեզի փոքրիկներին ու շրջակայքում գտնվող մշակույթի տան խմբակներ հաճախող երեխաներին։

Տեղի բնակիչների խոսքով՝ խնդիրը նոր չէ։

Խնդիրը հատկապես սրվում է այն պատճառով, որ փողոցը միանում է Էջմիածին տանող մայրուղուն, որտեղ երթևեկությունն ինտենսիվ է։ Վթարների ռիսկը մեծ է, իսկ պատասխանատու կառույցները դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկել։

Բնակիչները պնդում են, որ խնդրի լուծումը չի կարելի հետաձգել․ ամեն օր տասնյակ երեխաներ ու մեծահասակներ անցնում են այս խաչմերուկով՝ իրենց անվտանգությունը կախված թողնելով վարորդների զգոնությունից։ Իսկ մինչ լուսացույցը չի վերականգնվել, ցանկացած պահի այստեղ կարող է տեղի ունենալ ողբերգություն։

Հարկ է նշել նաև, որ Փարաքարի նորաբաց քոլեջի բացմանը ներկա են եղել կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ ներառյալ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որոնք, հավանաբար, անցել են այդ ճանապարհով։