ՀայաստանՍոցիալական

Ֆինանսական բուրգերի հերթական զոհերը Հայաստանում

Հայաստանում վերջին տարիներին հատկապես շատացել են թրեյդինգային կայքեր, որոնց միջոցով մարդիկ կողոպտվում են ու գումարներ կորցնում։ Միայն 2025 թվականին նման 3 ծրագիր է փակվել՝ bmxpet, NFT Treasure և Dream NFT։ Վերջին երկուսը Հայաստանում ունեցել են անգամ գրասենյակներ։ Կարող ենք փաստել, որ բոլոր այդ ծրագրերը իրենցից ենթադրել են ֆինանսական բուրգ։ Որպես կանոն, ֆինանսական բուրգի հիմնադիրները ներդրողներին խոստանում են բարձր եկամուտ, որը երկար ժամանակ չի կարող պահպանվել։ Ավելին, բուրգի բոլոր մասնակիցների պարտավորությունները մարել՝ ակնհայտորեն անհնար է։

Արթուր Կ․-ն պատմում է, որ 2024 թվականի սեպտեմբերից գրանցվել է NFT Treasure կայքում։ Այն, որ կայքում տեղեկատվության բաժնում եղել է գումարի օրական 1․8 տոկոս եկամուտ, չի համապատասխանել իրականությանը։ Ավելին, թրեյդինգային կայքում հաճախ եղել են խափանումներ։ NFT Treasure-ն հետևյալ սկզբունքով էր աշխատում։ Նվազագույնը ներդրումի շեմը 50 դոլար է եղել՝ օրական մեկ անգամ թրեյդ անելու հնարավորությամբ, որից 1․8 տոկոս եկամուտ է մնացել։ Եթե փորձենք հաշվել, ապա ներդրված 50 դոլարը միայն մեկ ամսվա ընթացքում է օգտատերը կարողանում եկամուտ ստանալ։ Պատմում է, որ սկզբում մի քանի անգամ կանխիկացումներ արել է, սակայն շատերը եղել են, որ մեծ գումարներ են ներդրել։ Իսկ ծրագիրը փակվել է 2025 թվականի մարտին։

Ֆինանսական բուրգի զոհ է դարձել նաև Մանվել Մ․-ն։ Նա ևս ունեցել է օգտահաշիվ NFT Treasure կայքում, որտեղից կարողացել է բավարար գումար ստանալ, սակայն կայքը շուրջ 250 դոլար գումար է կարողացել շորթել։ Այս տարվա օգոստոս ամսին նա գրանցվել է նաև Dream NFT կայքում, որտեղ շուրջ 120 դոլարի չափով ներդրում է արել։ Ընդամենը մեկ ամիս անց ծրագիրը փակվել է։

Հայաստանի քրեական օրենսգրքի հոդված 189.1-ով՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով կամ առանց դրա: