ՀայաստանՍոցիալական

Անշաարժ գույքի վաճառքով զբաղվող անձինք կանցնեն պարտադիր որակավորում

Հայաստանում նախատեսվում է նոր օրենսդրական փաթեթ, որը կարգավորում է ռիելթորական գործունեությունը և անշարժ գույքի վաճառքի համակարգը։ Ռիելթորը հանդիսանում է մասնագետ, որը օգնում է մարդկանց գնել կամ վաճառել անշարժ գույք՝ ապահովելով գործարքի իրավական և տեխնիկական կողմերը։ Նոր նախագծով առաջարկվում է ստեղծել պետական միասնական քաղաքականություն, որը կպաշտպանի ինչպես գույքի գնորդին, այնպես էլ վաճառողին և ոլորտի մասնագետներին։

Նախագծի կարևոր մասը վերաբերում է ռիելթորների որակավորմանը։ Մասնագետները պետք է անցնեն որոշակի քննություններ և ստանան հատուկ վկայականներ, որպեսզի կարողանան օրինական և անվտանգ ծառայություններ մատուցել անշարժ գույքի շուկայում։

Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացը նույնպես կվերահսկվի նոր էլեկտրոնային համակարգով։ Այս համակարգի միջոցով յուրաքանչյուր սեփականատեր կամ ռիելթոր, նախքան գույքը վաճառքի կամ վարձակալության առաջարկելը, կանցնի նույնականացում, տվյալները կստուգվեն գրանցված իրավունքների և գոյություն ունեցող սահմանափակումների նկատմամբ, և միայն դրանից հետո գույքը կհայտնվի առցանց հարթակներում։ Այս նոր մոտեցումը թույլ կտա բացառել սխալներ, շփոթմունք կամ թյուրիմացություններ գույքի մասին տեղեկատվության մեջ։

Նոր նախագծով ներդրվում է նաև անշարժ գույքի կառավարման ինստիտուտը։ Սա նշանակում է, որ սեփականատերը կարող է հանձնել գույքը կառավարիչին, որը կզբաղվի դրա վարձակալությամբ կամ օրավարձով տրամադրումով՝ ապահովելով տեխնիկական կարգավիճակի պահպանությունը և վճարումների ճիշտ իրականացումը։

Բացի այդ, ռիելթորական ընկերությունները, որոնք ունեն էլեկտրոնային հարթակներ, հնարավորություն կունենան ինտեգրվել պետական տվյալների շտեմարաններին՝ ապահովելով ցուցակագրված գույքերի ճշգրտությունը և փոխգործելիությունը առցանց կայքերի հետ։ Նրանց համար, ովքեր չեն ունենա սեփական էլեկտրոնային համակարգ, նույնպես նախատեսված է փոխգործելիության մեխանիզմ, որը թույլ կտա նրանց ցուցակագրած գույքերը ներկայացնել առցանց։

Սեդա Մարտոյան