ՀայաստանՍոցիալական

Հանրապետության հրապարակի փոստի շենքը նախատեսվում է մասնավորեցնել

Հանրապետության հրապարակում գտնվող փոստի շենքը նախատեսվում է մասնավորեցնել, սակայն սա սովորական մասնավորեցում չի լինելու, քանի որ շենքը ունի պատմամշակութային նշանակություն։ Այս մասին Ազգային ժողովում հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ շենքի մասնավորեցումը կանցկացվի հատուկ կարգով, որպեսզի պահպանվի շենքի պատմական և ճարտարապետական տեսքը, ինչպես նաև ապահովվի նրա լավագույն օգտագործումը և ներդրումային հնարավորությունները։ Նախագծով նախքան որևէ որոշում կայացնելը անցկացվելու է միջազգային մրցույթ՝ ընտրելու համար հեղինակավոր խորհրդատվական ընկերություն, որը կզբաղվի շենքի ուսումնասիրությամբ։

Ընտրված ընկերությունը կվերլուծի շենքի վիճակը, տեխնիկական ու ճարտարապետական առանձնահատկությունները և կներկայացնի ներդրումային ծրագրերի մի շարք տարբերակներ, որոնք կհամապատասխանեն շենքի պատմամշակութային արժեքին։ Այս ծրագրի հիման վրա կհստակեցվի, թե մասնավորեցումն իրականացվելու է ամբողջական ձևով, մասամբ, թե հնարավոր կլինի համատեղ ներդրումային ծրագիր։

Առնակ Ավետիսյանը վստահեցրել է, որ ապագա սեփականատերը պարտավոր կլինի պահպանել շենքի արտաքին տեսքը և ճարտարապետական առանձնահատկությունները։

Սեդա Մարտոյան