
Հայաստանում մեքենաների թիվը կրկին աճել է
2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 953 965 տրանսպորտային միջոց։ Դրանցից 343 220-ը գրանցված են Երևանում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում մեքենաների թիվը երկրում աճել է շուրջ 44 639-ով, իսկ մայրաքաղաքում՝ 11 906-ով։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ավելի քան 3 միլիոն մարդ է ապրում, ստացվում է, որ գրեթե երեք բնակչից մեկը մեքենա ունի։
Թվերը, որոնք կարող են տնտեսական ակտիվության ցուցանիշ լինել, իրականում ավելի շատ բացասական հետևանքներ ունեն Երևանի համար․ մայրաքաղաքն այլևս չի հասցնում սպասարկել մեքենաների այսքան մեծ հոսքը։ Ամենօրյա խցանումները դարձել են սովորական երևույթ, օդի աղտոտվածությունը աճում է, իսկ արդյունավետ հանրային տրանսպորտի ծրագիր դեռևս ամբողջական լուծում չի առաջարկում։ Հանրային տրանսպորտի համար գծեր ավելացնելը, դպրոց հաճախելու ժամերի փոփոխությունները, տարբեր փողոցներում կատարված երթևեկության փոփոխությունները կարծես չեն փոխում քաղաքում խցանումների խտությունը և նույն խնդիրները շարունակվում են։
Մասնագետների գնահատմամբ՝ ավտոմեքենաների թվի նման աճը պետք է զուգորդվի ոչ թե նոր ավտոկայանատեղիների որոնմամբ, այլ ռազմավարական քաղաքականությամբ․ առաջնային պետք է դառնա հեծանվային ու հետիոտնային ենթակառուցվածքների զարգացումը և որակյալ հասարակական տրանսպորտի ներդրումը։ Առանց նման քայլերի Երևանի բնակիչների կյանքը տարվա կտրվածքով միայն ավելի դժվարանալու է։