
ՔԿՀ-ներում վերջին 5 տարիներին գրանցվել է 77 մահվան դեպք․ Հայաստանում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ
Այս տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արդեն 17 մարդ է մահացել։ Թվերն առաջին հայացքից չոր վիճակագրություն են թվում, բայց դրանց հետևում իրական մարդկային կյանքեր են, որոնք հնարավոր էր փրկել։ Ազգային ժողովում սրա մասին բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում մարդիկ չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն․ ամիսներով սպասում են դեղորայքի կամ բժշկի այցելության։ Դանիելյանի ներկայացմամբ՝ վերջին մահվան դեպքն էլ հենց դրա հետևանքն էր․ օրեր շարունակ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերվել։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը վստահեցրեց, որ նախարարությունները հարցին մշտապես ուշադրություն են դարձնում և փորձում են բարելավել թե՛ բժշկական ծառայությունների մատչելիությունը, թե՛ պայմանները։ Բայց կոնկրետ պատասխան, թե ինչու են մարդիկ շարունակում մահանալ ՔԿՀ-ներում, չհնչեց։
Այս տարվա ընթացքում գրանցվել են մի շարք ողբերգական դեպքեր․ ապրիլի 21-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 52-ամյա դատապարտյալն ինքնասպան եղավ ինքնաշեն պարանով, մարտի 3-ին «Արթիկ» ՔԿՀ-ում մահացած կալանավորի դի հայտնաբերվեց, հուլիսի 16-ին և սեպտեմբերի 1-ին Արմավիրի ՔԿՀ-ում գրանցվեցին երկու ինքնասպանություններ։
Վերջին տարիներին ՔԿՀ-ներում մահվան դեպքերի զգալի աճ է գրանցվել։ 2020 թվականի համեմատ սպանության դեպքերն աճել են շուրջ 3․5 անգամ։ Ինֆոգրաֆիկայով ներկայացվող բնական մահվան դեպքերը, գուցե, կրկին նման ելքով են ավարտվել։ ՔԿՀ-ն նման հայտարարություն չի արել, թե բնական մահվան ելքով մարդկանցից քանիսն են ունեցել հիվանդություն։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այսօր ավելի շատ մարդ է պահվում կալանքի տակ, քան արդեն դատապարտված է։ Այս փաստը ոչ միայն վիճակագրություն է, այլև ահազանգ դատական համակարգի ծանրաբեռնվածության ու քննությունների ձգձգման մասին։ 2025-ի մայիսի 19-ի տվյալներով՝ երկրի 10 ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվել է 2789 անձ։ Նրանցից 1465-ը կալանավոր է, այսինքն՝ մարդիկ, որոնց գործերը դեռ ավարտված չեն և վերջնական դատավճիռ չունեն։ Դատապարտյալների թիվը փոքր-ինչ պակաս է՝ 1324 հոգի։
Ամենաբեռնված ՔԿՀ-ն «Արմավիրն» է։ Այստեղ պահվում է 1103 մարդ, որից 725-ը՝ կալանավոր։ Համեմատության համար՝ այս ՔԿՀ-ն նախատեսված է 1240 մարդու համար։ Անազատության մեջ գտնվողների թվով հաջորդում են «Նուբարաշենը»՝ 539 անձով, և «Սևանը»՝ 302 անձով։ Իսկ ամենափոքր թիվը գրանցված է «Երևան-Կենտրոնում»․ ընդամենը 30 հոգի՝ 22 կալանավոր և 8 դատապարտյալ։
Համեմատականը ցույց է տալիս, որ մեկ տարվա ընթացքում որոշ ՔԿՀ-ներում կալանավորների թիվը զգալիորեն աճել է։ Օրինակ՝ «Նուբարաշենում» 2024-ի դեկտեմբերին պահվում էր 476 մարդ, հիմա՝ արդեն 539։ Նույն միտումը նկատվում է նաև Արմավիրում։ Այս թվերը փաստում են մի կարևոր խնդիր․ Հայաստանում ավելի շատ մարդ սպասում է դատարանի վճռին, քան իրականում կրել է պատիժը։ Իսկ սա նշանակում է՝ նախաքննության ու դատավարության գործընթացները ոչ միայն երկարում են, այլև բերում են ՔԿՀ-ների գերբեռնվածության։
Համեմատականը ցույց է տալիս, որ մեկ տարվա ընթացքում որոշ ՔԿՀ-ներում կալանավորների թիվը զգալիորեն աճել է։ Օրինակ՝ «Նուբարաշենում» 2024-ի դեկտեմբերին պահվում էր 476 մարդ, հիմա՝ արդեն 539։ Նույն միտումը նկատվում է նաև Արմավիրում։ Այս թվերը փաստում են մի կարևոր խնդիր․ Հայաստանում ավելի շատ մարդ սպասում է դատարանի վճռին, քան իրականում կրել է պատիժը։ Իսկ սա նշանակում է՝ նախաքննության ու դատավարության գործընթացները ոչ միայն երկարում են, այլև բերում են ՔԿՀ-ների գերբեռնվածության։