
Հայաստանում նախատեսվում է խստացնել տուգանքները չհաշվառված ալկոհոլի և ծխախոտի վաճառքի համար
Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է օրենսդրական փաթեթ, որը նպատակ ունի ավելացնել տուգանքները այն մարդկանց համար, ովքեր օտարում են ակցիզային դրոշմանիշով, դրոշմապիտակով կամ հսկիչ նշանով չդրոշմավորված ալկոհոլային խմիչքներ կամ ծխախոտային արտադրատեսակներ։
Նախագծով նախատեսվում է, որ եթե վաճառողը պահի կամ օտարի նման ապրանքներ, տուգանքը կախված կլինի ապրանքների արժեքից. ծխախոտի դեպքում, եթե ապրանքների ընդհանուր արժեքը չգերազանցի 10.000 դրամը, տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, և ապրանքը կբռնագրավվի, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում, եթե ընդհանուր արժեքը չգերազանցի 50.000 դրամը, տուգանքը նույնպես կլինի նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը։
Բարձր արժեքի դեպքում՝ ծխախոտի համար 10.000–100.000 դրամի, ալկոհոլի համար 50.000–300.000 դրամի դեպքում, տուգանքը կհասնի նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափին։
Նախագծով առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել նրանց համար, ովքեր կեղծ հսկիչ նշաններ պատրաստեն, պահեն, տեղափոխեն, ձեռք բերեն կամ օգտագործեն։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։