
Գայի պողոտայի բնակիչները բողոքում են բարձրահարկ շենքի կառուցման դեմ
Սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի ավագանու նիստին զուգահեռ Նոր նորք վարչական շրջանի Գայի պողոտայի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել իրենց տների հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի դեմ։ Նրանք պահանջել են հանդիպում կազմակերպել Տիգրան Ավինյանի հետ։ Բնակչները դեմ են իրենց բակում՝ խաղահրապարակի տարածքում, 18-հարկանի նոր բարձրահարկ շենքի կառուցմանը։ Բնակիչները նշում են, որ շենքի կառուցումը ոչ միայն խիտ կառուցապատման խնդիր է ստեղծում, այլև անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում, օրինակ, արտակարգ իրավիճակներում հրշեջ մեքենաները չեն կարողանա շենքին մոտենալ։
Նախատեսվող շենքը զբաղեցնելու է շուրջ 2200 քմ տարածք, որը գտնվում է մի քանի բազմաբնակարան շենքերի ու խաղահրապարակի կենտրոնական հատվածում։ Շինարարությունն իրականացնելու է տվյալ հողատարածքի նոր սեփականատեր Սամվել Սահակյանը։ Նա նշել է, որ քաղաքապետարանը իրեն այլ հողեր էլ է առաջարկել, բայց ինքը հենց իր հողում է ցանկանում կառուցել բազմաբնակարան շենքը։
Շենքի կառուցման հարցը ընդգրկված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի առաջարկով հարցը հանվել է օրակարգից՝ առանձին քննարկման նպատակով։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց այն դարձնել զեկուցվող, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հարցին կանդրադառնան միայն մտքերի փոխանակման ընթացքում։
Բնակիչները պնդում են, որ իրենց բակը պետք է պահպանվի խաղահրապարակի և բաց տարածքի տեսքով և կոչ են անում քաղաքապետարանին չտալ շինթույլտվություն բարձրահարկի կառուցման համար։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին քաղաքապետարանը աճուրդի է հանում Երևանի տարածքում գտնվող հողատարածքները։ Իրար հետևից վեր են խոյանում բարձրահարկ շենքերը, որոնք ոչ միայն նպաստում են քաղաքային բնակչության թվաքանակի ավելացմանը, այլև ձևավորում են սոցիալական խնդիրներ՝ սկսած խցանումներից մինչև օդի աղտոտվածություն։