ՀայաստանՍոցիալական

ՔԿՀ-ներում ստեղծվում են հատուկ խցեր ինքնավնասման հակում ունեցող անձանց համար

Միայն այս տարվա վերջին ամիսներին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է 17 մահվան դեպք, որոնց մի մասը՝ ինքնասպանություն: Իրավապաշտպանները բազմիցս բարձրաձայնել են այս խնդիրը, և նախարարությունը ձեռնարկում է քայլեր՝ իրավիճակը կարգավորելու համար:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է նոր բժշկական ստացիոնար բաժանմունք, որը լիովին վերանորոգված է և համալրված նորագույն սարքավորումներով: Այս կենտրոնը նպատակ ունի ապահովել անազատության մեջ գտնվող անձանց պատշաճ բժշկական սպասարկում, մասնավորապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար:

Նախարարն ընդգծել է, որ միայն այս միջոցներով խնդիրը չի լուծվի. անհրաժեշտ է անհատական աշխատանք իրականացնել այն անձանց հետ, որոնք ունեն ինքնավնասման հակում: Հաշվի առնելով սա՝ արդեն ավարտին է հասցվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի հետագա աշխատանքը լինի առավել թիրախային և արդյունավետ:

Նախարարության ծրագրերում ընդգծված է նաև խցային պայմանների վերանայումը։

Առաջիկայում նախատեսվում է ստեղծել հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք՝ զրկելով նրանց կյանքին վերջ տալու հնարավորությունից կամ նվազագույնի հասցնելով այն: Բացի այդ, մտածված են ժամանակավոր խցեր, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այնտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք գտնվում են սուր վտանգի մեջ:

Սեդա Մարտոյան