ՀայաստանՍոցիալական

Շիրակի մարզին 69 միլիոն դրամ է հատկացվել․ Գյումրիի թափառող շների հարցը կարող է լուծվել

Շիրակի մարզում բնակիչների մասնակցությամբ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 69․5 միլիոն դրամ։ ՀՀ կառավարության որոշմամբ «Սուբվենցիաներ՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառման շրջանակում Շիրակի մարզին տրամադրվել է 69 միլիոն 521 հազար դրամ, որը բաժանվել է Գյումրի և Ախուրյան համայնքների միջև։

Գյումրիում կիրականացվի «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիրը», որի համար նախատեսված է 40 միլիոն 726 հազար դրամ։ Ծրագրի նպատակն է բարելավել կենդանիների պահպանության պայմանները և լուծել թափառող կենդանիների հետ կապված խնդիրները։ Տարիներ շարունակ բնակիչները բողոքում էին, որ թափառող շների պատճառով չեն կարողանում երեխաներին միայնակ դպրոց ու մանկապարտեզ ուղարկել։ Մարզպետարանի առողջապահության վարչությունից Amnews-ին հայտնեցին, որ 2024 թվականին շան կծելու դեպքերի թիվը 100-ով ավելացել է 2023-ի համեմատ՝ հասնելով 750-ի։ 2025 թվականի առաջին կիսամյակում 450 նոր դեպք է գրանցվել։

Ախուրյան համայնքում նույնպես մի քանի ծրագիր է իրականացվելու։ Առափի բնակավայրում կվերականգնվի ֆուտբոլի դաշտը՝ 5 միլիոն 200 հազար դրամի հատկացմամբ։ Արևիկ բնակավայրում կկատարվի «Բարեկարգ բնակավայր՝ հանուն բարեկեցիկ ապագայի» ծրագիրը, որը ներառում է պարասրահ-դահլիճի վերանորոգում և նոր խաղահրապարակի կառուցում։ Բյուջեն կազմում է 10 միլիոն դրամ։ Հայկավան բնակավայրում կկառուցվի բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ՝ 8 միլիոն դրամի ֆինանսավորմամբ, իսկ Ջրառատում կիրականացվի «Ժամանցի կենտրոն» ծրագիրը՝ 5 միլիոն 595 հազար դրամի հատկացմամբ։