ՀայաստանՍոցիալական

Քաղաքացիները կկարողանան անմիջապես հաղորդել համայնքային խնդիրների մասին․ գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը

Համայնքային խնդիրները այլևս անտեսված չեն մնա․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործարկել է «Տեսել եմ» նոր հավելվածը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու մի քանի վայրկյանում տեղեկացնել համայնքապետարանին իր շրջապատում տեսած խնդրի մասին։ Միևնույն ժամանակ, Amnews-ի փորձնական դիտարկումների ընթացքում պարզվել է, որ մի քանի համայնքներում հավելվածի միջոցով խնդիր հաղորդելու հնարավորությունը դեռևս լիարժեք չի աշխատում։ Բերդ, Նաիրի (Եղվարդ), Փարաքար համայնքներում խնիրների մասին տեղեկացելիս պատուհան է բացվում «Համայնքային կայքը այս պահին հասանելի չէ, փորձեք մի փոքր ուշ» տեքստով։ Մնացած բոլոր 68 համայնքների համար կայքը աշխատում է։

Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում, իսկ վեբ տարբերակը՝ teselem.am-ում։

Հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են ուղարկել ազդանշաններ՝ աղբի կուտակումից մինչև փողոցի փոսեր կամ չլուսավորված տարածքներ։ Մասնագետները կստուգեն տեղեկությունը և կկիսվեն արդյունքներով։

Նախարարությունը ընդգծում է, որ հավելվածի նպատակը բնակչության մասնակցության ընդլայնումն է, համայնքային խնդիրներին արագ արձագանքումը և ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։