Ազգային ժողովը արտահերթ ռեժիմով թույլատրեց Սևանից լրացուցիչ ջրառ կատարել․ ոռոգման խնդիրները Հայաստանում նոր փուլի են հասել
Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով ջրառի սահմանաչափը բարձրացվեց մինչև 200 մլն խմ։ Ազգային ժողովը արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, օգտագործման տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեցին 55 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ քվեարկող չկար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդարանում նշեց, որ տևական չոր ու շոգ եղանակի պատճառով Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում ջրի հոսքը կտրուկ նվազել է։ Այս պայմաններում ոռոգման պահանջարկը բավարարելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանից իրականացվել են պլանավորվածից ավելի վաղ ջրբացթողումներ։
Նրա խոսքով՝ ջրառի չափաքանակի ավելացումը նորություն չէ․ նախորդ տարիներին լճից վերցված ջուրը երբեմն հասել է մինչև 266 մլն խմ։
Միաժամանակ, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ խնդիրը պայմանավորված է ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններով, այլև ջրային ոլորտում կառավարման բացերով։ Վերջին օրերին տեղի ունեցած պաշտոնանկություններն, ըստ նրանց, դրա վկայությունն են։ Օրեր առաջ աշխատանքից հեեռացվել էր Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, ով պաշտոնավարել էր ընդամենը 4 ամիս։
Հիշեցնենք՝ գործող օրենքով Սևանից տարեկան հնարավոր է օգտագործել մինչև 170 մլն խմ ջուր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոռագման ջրի խնդիրների պատճառով։ Նրանց խոսքով՝ այգիները ջրի պակասից արդեն չորացել են։
