ՀայաստանՍոցիալական

Արտոնություններ ճանապարհին. արդյոք օրենքը բոլորի համար հավասար է

Հայաստանում շատ վարորդներ վկայում են, որ ճանապարհին հաճախ բախվում են իրավիճակների, երբ պաշտոնատար անձինք կամ նրանց մեքենաները պահանջում են զիջել ճանապարհը անգամ այն դեպքում, երբ օրենքով նման արտոնություն չունեն։ Սա ոչ միայն խախտում է վարորդների իրավունքները, այլ նաև վտանգ է ստեղծում երթևեկության անվտանգության համար։

Ըստ Ճանապարհային երթևեկության կանոնների, վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը միայն այն մեքենաներին, որոնք հատուկ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում օգտագործում են ձայնային ազդանշան։ Սրանք են շտապօգնության, հրշեջ ծառայության և ոստիկանության մեքենաները։ Բոլոր մնացած դեպքերում նման պահանջները անօրինական են։ Երբ պաշտոնյաները փորձում են օգտվել այդ «արտոնությունից» առանց իրավական հիմքի, առաջանում են մի շարք վտանգներ։

Վարորդները հանկարծակի մանևր են կատարում, ինչի հետևանքով մեծանում է վթարի հավանականությունը, խաթարվում է երթևեկության բնականոն ընթացքը, իսկ քաղաքացիների մոտ ձևավորվում է անվստահություն օրենքի հանդեպ։ Շատ վարորդներ պատմում են, որ նման մեքենաներին հանդիպելիս կանգնելն իրենց դնում է երկընտրանքի առաջ՝ ենթարկվել «պահանջին» թե պահպանել օրենքը։

Իրավաբան Գոհար Մկրտչյանի խոսքով՝ պաշտոնատար անձանց մեքենաների համար օրենքով միանշանակ չի սահմանվում, որ վարորդները պետք է զիջեն ճանապարհը։

Սակայն այստեղ առաջանում է կարևոր հարց. եթե օրենքով արտոնություն չկա, ապա ինչու՞ է այն գործնականում վերածվում չգրված կանոնի։ Այս իրավիճակը ոչ միայն վնասում է օրենքի ուժին, այլ նաև խաթարում է քաղաքացիական հավասարության սկզբունքը։ Խնդիրը ոչ միայն իրավական, այլ նաև արժեհամակարգային է. արդար հասարակությունում օրենքը պետք է գործի բոլորի համար հավասարապես։ Իսկ պաշտոնյաների նկատմամբ բացառություններ անելը ոչ թե սովորույթ, այլ օրենսդրությամբ ամրագրված կարգ պետք է լինի՝ հստակ, թափանցիկ և հիմնավորված։ 

Սեդա Մարտոյան