Գյումրիի ավագանին չեղարկել է «Գյումրիի օր» տոնակատարությունը
Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի հերթական նիստում որոշում է կայացրել չեղարկել ամենամյա «Գյումրու օր» տոնակատարությունը։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման անցկացման համար անհրաժեշտ է շուրջ 6 միլիոն դրամ։
Սակայն քվեարկությունից առաջ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել առաջարկով՝ հանել հարցը օրակարգից։
Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է, — պարզաբանել է Ղուկասյանը։
Նրա նախաձեռնությանը աջակցել է նաև ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Արդյունքում՝ առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից, և «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։
Սակայն որոշումը դժգոհություն է առաջացրել ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ ավագանու մի շարք անդամների շրջանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նախաձեռնվել է արտահերթ նիստ։ Նրա խոսքով՝ գյումրեցիներին չի կարելի զրկել արդեն ավանդույթ դարձած տոնից և այն արժանավայել ձևով նշելու հնարավորությունից։
Արտահերթ նիստի օրակարգում նախատեսվում է կրկին քննարկել «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպման հարցը։
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի եղանակով շորթման համար և խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
