ՀայաստանՍոցիալական

Հեղուկ վառելանյութի լցակայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի

Հայաստանում շուտով ներդրվելու է հեղուկ վառելանյութի լցակայանների և պահեստների համար տեխնիկական անվտանգության միասնական համակարգ։ Այս որոշումը ընդունվել է կառավարության նիստում՝ հաշվի առնելով ոլորտում գոյություն ունեցող լուրջ բացերը։

Այսօր բենզալցակայաններն ու շարժական լցակայանները համարվում են վտանգավոր օբյեկտներ, որոնք պետք է տարեկան առնվազն մեկ անգամ անցնեն տեխնիկական փորձաքննություն։ Սակայն մինչ այժմ դրանք չեն ունեցել հստակ կանոններ ու նորմեր, ինչի հետևանքով շուկան գործել է տարբեր չափանիշներով։

Կառավարության հիմնավորմամբ՝ կանոնների բացակայությունը ստեղծում է ոչ միայն անհավասար մրցակցային պայմաններ, այլև լուրջ ռիսկեր բնակչության կյանքի ու առողջության համար։ Տեխնածին վթարների ու դժբախտ պատահարների հավանականությունը, ըստ փաստաթղթի, զգալիորեն բարձր է։ Նոր համակարգը մշակվել է միջազգային մոտեցումների համադրությամբ․ հիմքում դրված են ISO ստանդարտները, ԵՄ պահանջները և ԵԱՏՄ երկրների փորձը։

Պետք է հիշել, որ 2021 թվականի կառավարությունը որոշել էր խստացնել գազաբալոնների ստուգումը և օգտագործելու լիցենզիան։ Սակայն, այդ որոշումից հետո գազաբալոնների ստուգում շատ վարորդներ չեն տանում զննելու։ Այսինքն, կառավարության որոշումից հետո իրավապահ մարմինները չեն կարողանում իրականացնել վերահսկողություն։