ՀայաստանՍոցիալական

Ջալալ Հարությունյանը պատիժը կրի քրեակատարողական հիմնարկում

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական գործընթացը ավարտվեց․ Վճռաբեկ դատարանը մերժել է նրա և պաշտպանի բողոքը։ Սա նշանակում է, որ ավելի վերին ատյանում վիճարկելու հնարավորություն այլևս չկա, և նա պետք է պատիժը կրի քրեակատարողական հիմնարկում։

Հարությունյանի գործը դատարաններում քննարկվում էր դեռ այս տարվա սկզբից։ Հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր ճանաչեց «զինվորական պաշտոնեական անփութություն» հոդվածով։ Ըստ մեղադրանքի՝ այդ անփութությունը տեղի է ունեցել պատերազմի պայմաններում և «ՑՕՐ»-ի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Արցախի ««ՑՕՐ»-ի զորամասի զինվորների գործով մեղադրյալ է նաև հրետանային դիվիզիոնի պետը։

Քննչական կոմիտեից 2022-ին հայտարարել էին, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ երկու դրվագում թույլ տված լուրջ սխալների համար։ Առաջին դրվագը վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 7-8-ի հակահարձակողական գործողություններին, որոնք ձախողվել են ուժերի ոչ բավարար պատրաստվածության և փոխգործակցության բացակայության պատճառով։ Հետագայում այս դրվագով նա արդարացվել էր։

Դատախազությունը պահանջում էր նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, տուժողի կողմը՝ 8 տարվա։ Սակայն դատարանը որոշեց՝ Ջալալ Հարությունյանը կպատժվի 5,5 տարվա ազատազրկմամբ։

Հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը հաստատեց առաջին ատյանի վճիռը՝ առանց որևէ փոփոխության։ Իսկ սեպտեմբերի 26-ին Վճռաբեկ դատարանը վերջնական կետ դրեց գործին՝ մերժելով բողոքը։